«Արմավիա»-ն դեպի Հալեպ լրացուցիչ չվերթեր է սկսում. տոմսի նախնական արժեքը 169.278 դրամ է
«Արմավիա» ավիաընկերության Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ առաջին լրացուցիչ չվերթը կկայանա վաղը՝ օգոստոսի 1-ին. տեղեկացնում են ավիաընկերության լրատվական ծառայությունից:
«Չնայած Սիրիայում և, մասնավորապես, Հալեպ քաղաքում ընթացող կռիվներին՝ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը, ցուցաբերելով հայրենասիրություն, սիրիահայ մեր հայրենակիցներին պատերազմական գոտուց դուրս բերելու նպատակով իր բարեկամական ձեռքն է մեկնում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ չվերթեր նախատեսվում է իրականացվել նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» մակնիշի օդանավով:
Tert.am-ը փորձեց «Արմավիա» ընկերությունից ճշտել վաղվա Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթի տոմսի գինը: Այս պահի դրությամբ այն կազմում է 169. 278 դրամ:









