Ադրբեջանի տարածքում 1800 տարվա վաղեմության զրադաշտական գերեզմաններ են հայտնաբերվել

13:48 • 31.07.12

Ադրբեջանի հարավային Ջալալաբադ շրջանի Սեիդբազար բնակավայրում հնագետները կրակապաշտության ժամանակաշրջանի գերեզմաններ են հայտնաբերել:


Հայտնաբերված 5 գերեզմաններում գտնվել են կերամիկական իրեր` արևի, երկնքի և այլ պատկերներով, որոնք վկայում են այն մասին, որ գտածոները զրադաշտության ժամանակաշրջանի են. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Գերեզմաններն ունեն արկղի տեսք և թվագրվում են 3-5 դարերով: Այսինքն նրանց տարիքը կարող է կազմել շուրջ 1800 տարի:


Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ այդ տարածքներում արդեն այդ ժամանակաշրջանին պատկանող բնակավայրեր և մշակութային կոթողներ էին հայտնաբերվել, սակայն գերեզմաններ հայտնաբերվում են առաջին անգամ:


Հայտնաբերված գերեզմանները հնագետների համար լույս կսփռեն զրադաշտության շրջանի պատմության դեռևս մութ էջերի վրա: