Ռուսաստանն ամենից շատ է զգում ԼՂ խնդրի սրությունը. Ադրբեջանում ՌԴ դեսպան

15:29 • 31.07.12

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Ռուսաստանն ամենից շատն է զգում ու գիտակցում ղարաբաղյան հակամարտության սրությունն ու հիվանդագին լինելը: Այս մասին SalamNews-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:


Չնայած ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի միջնորդ երկրների ջանքերին, նա կարծում է, որ այս հարցում տեսանելի արդյունքներ չկան:


«Շրջափակումը շարունակվում է, կարգավիճակի հարցը շարունակում է սուր մնալ: Բանակցային գործընթացը տարվում է շատ գաղտնի պայմաններում, և պետք է ասեմ, որ շատ բան է արվել»,- ասել է դեսպանը:


Դորոխինը նաև ասել է, որ հակամարտությունը շատ բարդ է, այն ունի խորը պատմական արմատներ, և դրա շուրջ կողմերի դիրքորոշումները շատ տարբեր են, որն էլ դժվարացնում է հարցի լուծումը:


«Սակայն կա արված աշխատանք: Հակամարտող երկրների նախագահների, արտգործնախարարների թե՛ երկկողմ, և թե՛բազմակողմ հանդիպումների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Եվ այդ ամենն անտեսել ու ասել, թե 20 տարիների ընթացքում արդյունք չի գրանցվել, սխալ է: Պետք է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ: Միևնույն է` հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- վստահություն է հայտնել դիվանագետը:


Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, այդ իսկ պատճառով, ըստ Դորոխինի, պետք է շարունակել լուծում փնտրել և չհանձնվել, երբ ինչ-որ բան չի ստացվում:


«Պետք է նորից հանդիպել, նորից խոսել: Այդ առումով Ռուսաստանն իր միջնորդական գործունեությունից չի հրաժարվի և կանի հնարավորը` հակամարտության արդար լուծում գտնելու համար»,- ասել է ռուս դիվանագետը:
Նա չի հայտնել, սակայն, թե Ռուսաստանն ունի՞ այս ուղղությամբ նոր նախաձեռնություններ առաջ քաշելու ծրագրեր, թե ոչ:


«Ես չեմ կարող ձեզ ասել, թե նոր նախագահն այնքան ակտիվ կլինի՞, որքան Մեդվեդևն էր»,- ասել է նա` հավելելով, որ Պուտինը լավ գիտի այս խնդիրը, քաջ գիտակցում է և՛ Ռուսաստանի հնարավորությունները, և՛ պատասխանատվությունը: Ես վստահ եմ, որ դա (հարցի լուծումը – Tert.am) կլինի երկրի առաջնահերթությունների թվում»,- նշել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը: