Սատանայապաշտական կազմակերպություններ Հայաստանում չկան. ՀՀ ԱՆ ներկայացուցիչ

15:57 • 31.07.12

Հայաստանում չկան օրինական գրանցված սատանայապաշտական կազմակերպություններ, սակայն, եթե ինչ-որ սատանայապաշտական կազմակերպություն դիմի օրինական գրանցվելու համար, չի մերժվի։


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը:


«Այս պահին Հայաստանում կան գրանցված օրինական 64 կրոնական կազմակերպություն, սակայն սատանայապաշտական կազմակերպություն չկա: Եթե ինչ-որ մեկը դիմի և օրինական լինի ամեն ինչ և դրա մեջ չլինի հասարակությանը վնասող որևէ տարր, ապա կգրանցվի, չնայած ես էլ կողմ չեմ դրա գրանցմանը»,- նշեց Էդիկ Մարգարյանը:


ՀՀ ԱՆ աշխատակիցը լրագրողներին ներկայացրեց, որ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է լինելու «Կրոնի և խղճի ազատության մասին» օրենքի նախագիծը, որը հաստատվելու դեպքում կմտնի Ազգային ժողով:


Էդիկ Մարգարյանը նշեց, որ այդ նախագծով մի շարք սահմանափակումներ են նախատեսվում. «Նախագծով սահմանված է, որ օտարերկրյա պետությունից կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումն արգելվում է. նրանք իրենց ծախսերը պետք է հրապարակեն: Կարծում եմ, որ այս օրենքով ավելի լավ կապահովվի հոգևոր անվտանգությունը, քան հիմա է»։