Գնա՞լ, թե՞ մնալ. ռուսները խորհում են արտագաղթի մասին.WP

13:35 • 31.07.12

Ռուսներն իրենց ռուս են զգում միայն այն դեպքում, երբ գտնվում են մայրենի հողում, սակայն գործող ռեժիմի ընդունած «անհեթեթ» օրենքների դեմ անզորության զգացումն ու ընդդիմության նկատմամբ աճող լարվածությունը ստիպում են նրանց կանգնել ընտրության առջև` գնա՞լ, թե՞ մնալ, գրում է The Washington Post-ը:

«Ողջ Մոսկվան ընդգրկած քաղաքական պայքարը սրել է «հայրենիք, թե արտասահման» ընտրությունը»,- գրում է հոդվածագիր Ուիլ Ինգլանդը:


Ըստ թերթի` մեկնելը տառապալից է, իսկ մնալ` կնշանակի հուսահատության մատնվել: «Ես շատ հայրենասեր եմ, ես ավելի լավ է մնամ այստեղ»,- թերթը մեջբերել է 28-ամյա ընդդիմադիր ակտիվիստուհի Մարիա Բարոնովայի խոսքերը: Նրա մոտ գնալու ցանկություն չառաջացավ նույնիսկ այն բանից հետո, երբ մայիսի 6-ին (նախագահ Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին) կայացած անկարգություններից հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց` անկարգություններ հրահրելու մեղադրանքով:


Թերթը նշում է, որ Ռուսաստանի գործարար էլիտան արդեն երկար տարիներ անշարժ գույք է գնում Լոնդոնում ու Նյու Յորքում, իսկ ռուս գիտնականները մեկնում են Արևմուտք` լավ պայմաններով աշխատանք գտնելու:


Ըստ Մարիա Բարոնովայի` թեև ինքը չի ցանկանում լքել հայրենիքը, սակայն համալսարանական ընկերները վաղուց բռնել են օտարի ուղին: Ըստ թերթի` հնարավոր է, հենց սա է պատճառը, որ 2011թ.-ի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը չկարողացավ հաջողության հասնել (չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել):

«Մենք մենակ ենք, մենք այլևս խելոք չենք, քանի որ Ռուսաստանում պրոֆեսիոնալիզմի դեֆիցիտ կա, որովհետև խելոքները վաղուց լքել են երկիրը»,- մտահոգություն է հայտնում Բարոնովան:


«Գնա՞լ, թե՞ մնալ». ահա այսպիսի վերտառությամբ հաղորդագրություն է տեղադրել The New York Times-ի կայքում լրագրողուհի Մաշա Հեսենը: «Այսօր մոսկովյան մտավորականությունը հիշեցնում է 1970-ականների վերջերը, երբ բոլոր խոսակցությունները սկսվում ու ավարտվում էին արտագաղթի թեմայով»,- գրում է նա` հիշեցնելով, որ հենց 1978թ.-ին նրա ծնողները դիմեցին այցագիր ստանալու համար ու 1981-ին իր հետ միասին արտագաղթեցին ԱՄՆ:


Նրա մայրն այդ ժամանակ մեկնելու որոշումը բացատրել է հետևյալ կերպ.«Մենք ապրում էինք ֆաշիստական երկրում: Նման պայմաններում յուրաքանչյուրն ունի ընտրություն` զոհե՞լ կյանքը հանուն ռեժիմի դեմ պայքարի, թե՞ լքել երկիրը: Ես և ամուսինս որոշեցինք ապրել»: