Հանցագործները ցուցմունք էին տվել, որ Վանո Սիրադեղյանի հրամանով ինձ պետք է սպանեին. Գուրգեն Եղիազարյան

16:47 • 31.07.12

ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչության պետի նախկին տեղակալ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանը տեղյակ է այն մասին, որ 1994 թվականին, երբ ինքը աշխատում էր Ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ, իրեն սպանելու հրաման է տված եղել ՀՀ ներքին գործերի այդ ժամանակվա նախարար Վանո Սիրադեղյանը, սակայն ինքը չի հավատում դրան:


«Այո՛, ես դատախազություն էի հրավիրվել այն ժամանակ, և հանցագործներն ասել էին, որ ինձ սպանելու հրաման է եղել, սակայն ես չեմ հավատում, որ ինձ սպանելու հրաման կարող էր տված լինել Վանո Սիրադեղյանը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:


Հարցին, թե հավատո՞ւմ է, որ այդ տարիներին Վանո Սիրադեղյանը մի շարք քաղաքական և պետական այրերի սպանության կազմակերպիչն է եղել, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ ինքը չի կարող հավատալ, քանի որ տեղյակ չէ այդ ամենի մասին:


Tert.am–ի հետ զրույցում վերջինս հավաստեց, որ ինքը այդ տարիներին ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել Վանո Սիրադեղյանի հետ, և իրենց հարաբերությունները լավ են եղել:


Իսկ հարցին, թե ցանկանո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանն արդարացվի և վերադառնա հայրենիք, Գ. Եղիազարյանն ասաց, որ ինքը ցանկանում է, որպեսզի բոլոր արտագաղթածները վերադառնան հայրենիք:


Նշենք, որ մամուլում հրապարակում էր տեղ գտել, ըստ որի, Վանո Սիրադեղյանը 1994 թվականին կազմակերպել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ ԱԱԾ վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանության փորձը, որն այդպես էլ չի իրագործվել։