Կրոնական կրթության խնդիրները հայաստանյան դպրոցներում. քննարկում

13:30 • 31.07.12

Երևանում այսօր կայացավ «Կրոնական կրթության խնդիրները Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում» քննարկումը։


2012 թվականին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնախումբը մշակել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագիծ, ուր որպես նպատակ նշված է. «Կրոնի և հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերի վերանայումը դպրոցներում` Կրոնների և հավատքների դպրոցական ուսուցման Թոլեդոյի ուղղորդող սկզբունքներին համապատասխան». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ուսումնասիրության համահեղինակ Ստեփան Դանիելյանը:


Այս քննարկման նպատակը Թոլեդոյի ուղեցույցային սկզբունքներին համապատասխան` Հայաստանի դպրոցներում մոնիթորինգի իրականացումն է, որի համար ուսումնասիրվել է կրոնի և հավատքի ուսուցման ներպետական օրենսդրական բազան, դասագրքերի բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը:


Թոլեդոյի ուղեցույցում ԵԽ անդամ պետություններին հանձնարարվում է, տարածել այդ փաստաթուղթը, ինչպես նաև դպրոցներում իրականացնել մոնիթորինգ՝ պարզելու համար, թե որքանո՞վ է ուսուցումը համապատասխանում անկողմնակալության և իրավունքների ապահովման մասին պետության պարտավորություններին:


«Նշված ուսումնասիրության մեջ լայնորեն օգտագործել ենք միջազգային իրավական փաստաթղթերը և, հատկապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները: Այցելել ենք Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներ, հանդիպել դպրոցների տնօրենների հետ, ուսուցիչների և ծնողների, հանրակրթության մարզային պատասխանատուների, կրոնական կազմակերպությունների հետ և անցկացրել ենք քննարկումներ»,- ասաց Ս. Դանիելյանը:


Ուսումնասիրության հեղինակները հույս են հայտնում, որ դպրոցներում չի դասավանդվի դավանաբանություն, սակայն պետք է պահպանվեն կրոնի մասին միջազգային նորմերն ու չարգելվի ոչինչ:


Անդրադարձ եղավ նաև կրոնի դասագրքերին. «Գործող դասագրքերում խնդրահարույց է ոչ միայն բովանդակությունը՝ կապված կրոնական հանդուրժողականության սկզբունքի հետ, այլև պատմական փաստերը, դրանց մեկնաբանությանը պետք է անդրադառնան հմուտ պատմաբանները»,- ասաց Ստեփան Դանիելյանը: