Օլիմպիական խաղերի երկրպագուները չեն ցանկանում գումար ծախսել
Մեծ Բրիտանիայի կառավարության հույսերը` մեծ գումարներ աշխատել Լոնդոնի Օլիմպիական խաղերի օրերին, չեն արդարացել: Ինչպես հայտնում է բրիտանական The Financial Times-ը, Միացյալ Թագավորություն այցելած երկրպագուները գրեթե դուրս չեն գալիս Օլիմպիական պուրակի սահմաններից, և, բնականաբար, գումար չեն ծախսում հանգստի համար:
The Financial Times-ի համաձայն` Օլիմպիադան, սպասումներին հակառակ, բառացիորեն Լոնդոնը վերածել է «քաղաք- ուրվականի»: Զբոսաշրջիկները, որոնք ավանդաբար ամառվա ամիսներին այցելում էին բրիտանական մայրաքաղաք, հետաձգել են իրենց այցը` սպասելով խաղերի ավարտին:
Ըստ հրատարակության` խաղերը դիտելու համար Լոնդոն է այցելել ավելի քան 100.000 մարդ, որն ավելին է նախորդ խաղերի ժամանակ գրանցված թվից: Առաջին հայացքից սա մեծ թիվ է, սակայն ամեն ամառ Լոնդոն է այցելում մոտ 300.000 զբոսաշրջիկ, որոնք այցելում են խանութներ, կինոթատրոններ, հյուրանոցներ ու թանգարաններ` վատնելով մեծ գումարներ:
Ամենից շատ, թերթի տվյալներով, այցելուների պակասից «տառապում» են թատրոնները: Այցելուների թվի կտրուկ անկում են զգում նաև Լոնդոնի լավագույն թանգարանները: Կորուստներ են կրում նաև հյուրանոցները, որոնք ցածր պահանջարկի հետևանքով ժամանակավորապես իջեցրել են գները մոտ 25%-ով: Իսկ Golden Tours զբոսաշրջային ընկերության տնօրեն Նիկ Փալանը հայտարարել է, որ Օլիմպիադան այս ամառ ամբողջությամբ կործանեց իրենց բիզնեսը:
Սակայն բրիտանական կառավարությունը դեռ չի կորցնում լավատեսությունը: Խաղերի կազմակերպիչները գտնում են, որ հետագայում օլիմպիական օբյեկտները կարող են շահույթ բերել. դրանք կարելի է օգտագործել նոր աշխատատեղեր ստեղծելու, դրանցում կրթական կամ զվարճանքի կենտրոններ տեղակայելու նպատակով:









