Օրենքը արտոնություններ է տալիս Հայ առաքելական եկեղեցուն. ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Կրոնական ազատությունների զեկույցը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է 2011-ի Աշխարհի կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը: Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 18-րդ հոդվածը որպես բնաբան օգտագործելով, զեկույցը արձանագրում է, որ «չափազանց շատ մարդիկ են ապրում կրոնի ազատությունը ճնշող կամ դրա նկատմամբ ոտնձգություններ թույլ տվող իշխանությունների օրոք»:
Ըստ զեկույցի՝ այդ կերպ իրենք «դեմ են արտահայտվում ավտորիտար իշխանություններին, որոնք ճնշում են մարդկանց` արտահայտվելու ձևերը, այդ թվում՝ կրոնական ազատությունը»: Զեկույցը կենտրոնանում է հիմնական միտումների վրա, ինչպիսիք են քաղաքական և ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք ամենաշատն են տուժել 2011-ին: Գնահատականներ են տրվել նաև կրոնական ազատության վրա հակամարտությունների ունեցած ազդեցություններին և հակասեմականության ալիքներին:
Ամերիկյան զեկույցն առանձնացրել է հատկապես «հարվածի տակ հայտնված այնպիսի խմբերի», ինչպիսիք են բահաիներն ու սուֆիներն Իրանում, քրիստոնյաները՝ Եգիպտոսում, ահմադիները՝ Ինդոնեզիայում և Պակիստանում, մուսուլմանները՝ եվրոպական մի շարք երկրներում, Տիբեթի բուդդիստները, քրիստոնյաները և ույղուր մուսուլմանները՝ Չինաստանում, և հրաները՝ աշխարհի շատ երկրներում:
Ամերիկյան զեկույցը նշում է, որ Եգիպտոսում դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել 2011-ի հոկտեմբերին մոտ 20 ղպտիների սպանելու և 350 հոգու վիրավորելու համար պատասխանատու ուժերը: Զեկույցն ահազանգում է, որ 2012-ի սկզբից ղպտիների արտագաղթ է Եգիպտոսում:
Եվրոպական երկրներից զեկույցը առանձնացնում է Ֆրանսիան և Բելգիան, որոնք աչքի են ընկել մուսուլմանների դեմ սահմանափակումներով: Հագուկապի և կրոնական խորհրդանիշների արգելքից բացի զեկույցում նշվում է 2012-ի հունվարից գործող օրենքը, որով 300-ից ավելի կրոնական խմբերի թիվը նվազեցվել է և հասցվել 32-ի:
2011-ին «ծայրահեղականության» դեմ պայքարի անվան տակ, ըստ զեկույցի, կրոնական ազատությունների նկատմամբ բռնացել են Բահրեյնը, Ռուսաստանը, Իրաքը և Նիգերիան: Բահրեյնում, օրինակ, 53 կրոնական շինություն է ապամոնտաժվել: Ռուսաստանում ահաբեկչական է որակվել 19 մուսուլմանական խմբավորում:
Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի պես երկրները կրոնական ազատություններ են ճնշել՝ պայքարելով «սրբապղծություն, կրոնադավություն և կրոնական զրպարտություն» որակվող երևույթների դեմ:
Զեկույցը հակասեմական տրամադրություններ է արձանագրել Վենեսուելայում, Եգիպտոսում, Իրանում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Ուկրաինայում և Նիդերլանդներում:
«Խրոնիկ ձևով կրոնական ազատությունները» ոտնահարող երկրների շարքին ԱՄՆ-ը դասել է Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Էրիթրեան: Փոխարենը «վիճակի բարելավում կամ դրական տեղաշարժեր» են արձանագրվել Աֆղանստանում և Կուբայում, նաև՝ Թուրքիայում, որը կրոնական համայնքներից առգրավված գույքը վերադարձնելու նախաձեռնություններ է կատարել:
Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանում կրոնական մթնոլորտի բարելավում է արձանագրել 2011-ին, նույն առումով դրական են գնահատվել կրոնական ազատությունները Վրաստանում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ զեկույցի, «իշխանությունները ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում կրոնական ազատություններին»:
Զեկույցն արձանագրում է, որ «Օրենքը որոշակի արտոնություններ է երաշխավորում Հայ առաքելական եկեղեցուն, որոնք մատչելի չեն այլ կրոնական խմբերի»:
Կրոնական փոքրամասնություններից առավել տուժած են որակվում «Եհովայի վկաներ»-ը, որի 58 անդամ 2011-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանտերում են եղել՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Նշվում է նաև, որ Հայաստանում մեկ տասնյակից ավելի քրիստոնեական խմբերից, սունի մուսուլման քրդերից, հրեաներից, եզդիներից, հեթանոսներից բացի Երևանում հաստատվել է շիա մուսուլմանների համայնք՝ հիմնականում իրանցիներից բաղկացած:









