Սերժ Սարգսյանը Լոնդոնում մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը:
Հանդիպմանը նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի:
«Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և ուժեղ կզգա, այնքան Սփյուռքի ապագան կանխատեսելի կլինի»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանրակերտն է մեր ազգի, նրա ապագայի՝ այն առումով, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների՝ նպատակ ունենալով այդ կառույցի միջոցով յուրաքանչյուր հայի համար հնարավորություն ստեղծել ծառայելու իր հայրենիքին՝ մասնակցություն ունենալով մեր ազգային միասնությանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատանք են տանում համայնքային կամ համահայկական կառույցներում՝ ընդգծելով, որ նրանք արժանի են համընդհանուր հարգանքի:
Նախագահն ընդունելության մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, զարգացման ծրագրերն ու հնարավորությունները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը:
Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանի զարգացմանը մեծապես կարող են նպաստել նաև սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները:
Նրա խոսքով, բազմաթիվ սփյուռքահայեր կան, ովքեր տարիներ ի վեր ներդրումներ են կատարում Հայաստանում, զարգացնում տնտեսությունը, թողարկում մրցունակ արտադրանք, մասնակցում երկրի բարեփոխումներին, հաջողություններին և նաև խնդիրների լուծմանը:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Սփյուռքում կյանքն ավելի աշխույժ պահել, ավելի միասնական լինել, և որ անհրաժեշտ է դրանք լիարժեք օգտագործել:









