Մշակութային հեղափոխություն Շուշիում. GeorgiaTimes (տեսանյութ)
Շուշի քաղաքում ավարտին է մոտենում Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երկրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում են Իտալիայից, Բելարուսից, Բելգիայից, Ճապոնիայից, Հայաստանից և Արցախից 19 վարպետներ: Համաժողովը սկսվել էր հուլիսի 13-ին և տևել 17 օր, հաղորդում է վրացական GeorgiaTimes պարբերականը:
Քանդակագործների առաջին միջազգային համաժողովը ևս Շուշիում է կայացել` նախորդ տարի: Այն նվիրված էր Շուշեցի հայտնի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի 130 ամյակին: Այն ժամանակ, համաժողովի ավարտին քաղաքը 15 քանդակ նվեր ստացավ:
Մտահաղացման հեղինակ և համաժողովի նախագահ Վիգեն Ավետիսը պատմել է, որ միջացառման նպատակը ոչ միայն արվեստ ստեղծելն է այլև Ղարաբաղի միջազգային դերի բարձրացումը:
«Ես ուզում եմ նշել, որ բացի քանդակները, որոնք ծնվում են, այստեղ նաև ամրանում են Ղարաբաղի միջազգային կապերը, օրինակ Իտալիայի հետ: Մենք արդեն պայմանավորվել ենք իտալական հնամենի քաղաքներից մեկի` Լուկկայի քաղաքապետի հետ, որ Շուշին և Լուկան քույր քաղաքներ կդառնան: Հատկանշական է, որ երկու քաղաքները իրար շատ նմանություններ ունեն` երկուսում էլ կան ամրոցներ: Լուկան վերականգնման ոլորտում հսկայական փորձ է կուտակել, որը հետագայում Շուշիին շատ պետք կգա:
Այս համաժողովին մենք ավելի լավ էինք պատրաստվել քան նախորդ տարի: Տարբեր երկրներից հայտնի վարպետներ են ժամանել: Իտալիայից ոչ միայն քանդակագործներ, այլև Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ են ժամանել: Նրանք վարպետության դասեր կտան տեղի երիտասարդ նկարիչներին և ուսանողներին, և այս ամենը համաժողովի շրջանակներում:
Բոլոր ավարտված աշխատանքները կթողնվեն Շուշիում, ես շատ կուզեմ, որ դրանք լինեն մեկ տեղում` օրինակ այգում: Քանի որ դրանք բոլորը ծնվել են միասին, և ներկայացնելը ևս պետք է միասին կազմակերպվի:
Քանդակի թանգարան կլինի` բաց երկնքի տակ թանգարան: Ամեն բան կքննարկենք Շուշիի քաղաքապետի հետ և կընտրենք հարմար վայրը», - ասել է Վիգեն Ավետիսը:










