Վերջին օրերին սիրիահայերի մոտ ընկճվածություն է նկատվում. Սուրեն Մանուկյան

14:19 • 31.07.12

Արաբագետ Սուրեն Մանուկյանն, ով շարունակ հետևում է Սիրիայում, իսկ վերջին շաբաթներին նաև Հալեպ քաղաքում ծավալվող իրադարձություններին, ուր կա մեծաքանակ հայկական համայնք, նկատում է, որ սիրիահայերի մոտ վերջին մի քանի օրերին կա ընկճվածություն:


«Առաջ, երբ տեղի հայերը խոսում էին, նշում էին, թե ամեն ինչ նորմալ է, մի հավատացեք լուրերին, բայց վերջին երկու շաբաթն ընկճված են և նրանց ընկճվածությունն այն աստիճանի է հասել, որ հայերը կասկածում են Սիրիայի իշխանությունների գործողություններին, որ չեն կարողանա իրավիճակը վերահսկել»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սուրեն Մանուկյանը:


Արաբագետը նշեց, թե Հալեպում անիշխանություն է, ինչի արդյունքում ձևավորվել են բանդաներ, որոնք էլ տարբեր հարձակումներ են գործում:


«Իսկ հայերը, որ հարուստ են ու բարեկեցիկ են ապրում՝ նման հարձակումների թիրախ են դառնում»,-ասաց նա:


Սուրեն Մանուկյանի խոսքով՝ Հայաստանն ամեն օր պարտավոր է անդրադառնալ այս խնդրին, պատվիրակություններ ուղարկել Սիրիա, որպեսզի հայ համայնքը զգա, որ հայրենիքն իր թիկունքում է:


«Տեղի հայությունը միշտ ընդգծում է, որ ինքն առավելություն ունի, քանի որ հայրենիք ունի»,- ասաց նա և ավելացրեց, որ այս պարագայում կարևոր է, որ Սիրիայում հայկական դեսպանատունը շարունակում է գործել, ինչն, ըստ նրա, համայնքին վստահություն է ներշնչում: Մանուկյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Սիրիայում այս օրերին հատուկենտ դեսպանատներ են աշխատում:


Արաբագետը նկատում է, թե սիրահարների հարցում մտավախություն կա, որ համայնքը կլքի Սիրիան ու կհաստատվի Հայաստանում, ինչը նրա վերլուծությամբ, այնքան էլ տրամաբանական չէ:


«Նման բան չի կարող լինել, մարդիկ այնտեղ տասնյակ տարիներով կուտակած նյութական միջոցներ ու բիզնես ունեն և մեկ օրում չեն գա: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Սիրիան բազմաթիվ ճգնաժամերի միջով է անցել, բայց Հալեպի հայ համայնքը հազար տարվա պատմություն ունի, հայկական համայնքը կարողանում է իշխանության հետ լեզու գտնել, նույնն էլ կարծես ընդդիմության հետ է փորձում այսօր բանակցել՝ երաշխիքներ ստանալու համար»,- բացատրեց արաբագետը:


Ըստ Սուրեն Մանուկյանի՝ դեպի Հայաստան սիրահարության որոշակի հոսք կլինի, սակայն կգան ոչ ավելի, քան 1000, 2000 հոգի.«Կգա նա, օրինակ, ում կինը Հայաստանից է: Դժվար թե թողնեն ամեն ինչ ու գան, առավել ևս, որ Հայաստանն էլ լավ պայմաններ չի առաջարկում: Հայաստանը շատ-շատ իբրև տրանզիտային երկիր ծառայի դեպի Եվրոպա, Միացյալ Նահանգներ»:


Սուրեն Մանուկյանը նաև ասաց, որ շատերը ոչ թե հայրենիք, այլ Լիբանան են գնում:
Եզրափակելով իր խոսքը՝ արաբագետը նկատեց, որ Հայաստանը պարտավոր է պատրաստ լինել ընդունելու հայրենիք տեղափոխվողներին: