Ադրբեջանցիներն Օլիմպիական խաղերի կեղծ տոմսեր են վաճառել (տեսանյութ)

18:50 • 31.07.12

Լոնդոնում Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի հետ կապված սկանդալ է տեղի ունեցել, որտեղ հիշատակվում են ադրբեջանցիների անուններ:


Sky News-ի հաղորդմամբ` խաղերի տոմսերը վաճառվել են «սև» շուկայում: Ադրբեջանական դրոշն ուսերին գցած տղամարդը տոմսերը վաճառել է Լոնդոնի մարզահամալիրի մոտ:


Տեսանյութի
համաձայն` տոմսավաճառի շապիկին փակցված է եղել «Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի» նշանը, իսկ ձեռքում նա բռնել է օգոստոսի 3-ին կայանալիք բռնցքամարտի մրցումների «տոմսերը»:


Տղամարդը հայտնել է, թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության աշխատակից է, և որ տոմսերն իրեն ու այլ աշխատակիցների, որոնք նույնպես շրջում են Լոնդոնի փողոցներով, տվել է նախարարությունը:


Օրենքի համաձայն` «սև» շուկայում տոմսեր վաճառող անձանց սպառնում է 20.000 եվրոյի չափով տուգանք կամ 6-ամսյա ազատազրկում: Խաղերի սկզբից ձերբակալվել է 29 նման անձ: Այս փաստով Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեից որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն չի արվել: 


Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Էլման Աբդուլաևը, գերատեսչությունն այս փաստի մասին տեղեկություն չի ստացել, և կհետաքննի միջադեպը: