Սևանում այսօր կմեկնարկի էքստրեմալ սպորտաձևերի փառատոնը
Սևանա լճի Շորժա ափից 3 կմ հեռավորության վրա այսօր կմեկնարկի Էքստրեմալ սպորտաձևերի փառատոն, որին մասնակցելու են մոտ 3000 մարզիկներ 7 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ռուսաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից և Դանիայից:
Փառատոնը կազմակերպել են «Հայ էքստրիմ» հասարակական կազմակերպությունը և «Հայաս» ծովային հետազոտությունների ակումբը՝ Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
«Հայ էքստրիմ» ՀԿ նախագահ Արման Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել էքստրեմալ սպորտաձևերը և խթանել սպորտային տուրիզմի զարգացումը:
«Փառատոնն իր բնույթով քարոզում է առողջ ապրելակերպ և կամք, ուժ, դիմադրություն՝ բնության տարերքների հետ շփման ժամանակ: Տալիս է գիտելիքների մեծ պաշար: Այն նաև սպորտային հանգստի նոր կուլտուրա է: Այսօր Հայաստանում շատ շատերն են զբաղվում էքստրեմալ սպորտաձևերով»,-ասաց Արման Վարդանյանը և ավելացրեց, որ նման փառատոն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա դրայվինգի միջազգային մրցումներ: Էքստրեմալ սպորտաձևերի փառատոնը կավարտվի օգոստոսի 10-ին:









