Ոստիկանները Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին անցնել նախագահականի մայթ (տեսանյութեր)
Ի պաշտպանություն «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի ու Սարգիս Գևորգյանի այսօր նախագահական նստավայրի առջև անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանները իրավապաշտպան Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին անցնել փողոցը և իր բողոքն արտահայտել անմիջապես Բաղրամյան 26-ի առջև:
Վարդգես Գասպարին փորձեց փողոցը անցնել հետիոտնի համար նախատեսված վայրով և կանաչ լույսի տակ, սակայն, ի տարբերություն մյուս քաղաքացիների, ոստիկանները սահմանափակեցին իրավապաշտպանի տեղաշարժվելու իրավունքը:
Ի պատասպան ոստիկանների, Վարդգես Գասպարին բղավում էր. «Վովա Գասպարյան աննամուս լակոտ, էս լակոտներիդ հավաքի՛ր, տա՛ր»:
Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին և Դավիթ Քիրամիջյանին ու Սարգիս Գևորգյանին դատապարտեց համապատասխանաբար` 6 տարի 3 տարի և 2-ական տարի ազատազրկման: Նրանք դատապարտվել են ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:
Թեև Գասպարիին թույլ չտվեցին հասնել նախագահական նստավայրի առջև, սակայն դա իր փոխարեն դա արեց Ֆրանսիայից Հայաստան ժամանած լրագրող Սեդա Մավյանը:
Ոստիկանները փորձեցին նրան հեռացնել նախագահական նստավայրի դիմացից, սակայն նա մի քանի րոպե նստեց տարածքում տեղադրված ծաղկամաններին: Լրագրողների հետ զրույցում նա բացատրեց, թե ինչու է որոշել նստել այդտեղ:
«Մարդիկ անօրինական որոշումների պատճառով տարիներով են նստում, չենք կարող մենք մի քանի րոպե նստել: Կարո՞ղ ենք մի բան անել իրենց համար: Սա ամենաքիչն է, որ կարելի է անել, ընդամենը մի փոքրիկ մասնակցություն է բողոքին, մի փոքրիկ ձև ասելու համար՝ հերի՛ք է»,-ասաց նա և հեռացավ:









