Բողոքի ակցիա նախագահականի դիմաց. պահանջում են ազատել ՀԱԿ ակտիվիստին (տեսանյութեր)
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության երկայացուցիչներ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև անմեղ ճանաչել գործում մեղադրանքով անցնող և 2-6 տարի դատապարտված մյուս ակտիվիստներին:
Ակցիայի մասնակիցներին ձեռքին կային ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները, ինչպես նաև «Ազատությունը Արտակն է», «Ավազակապետականության ոստիկանություն», «Ազատությունը ես եմ, ոչ ոստիկանությունը» վերտառությամբ պաստառներ։
ՀԱԿ անդամ Զարուհի Հովհաննիսյանը, ելույթ ունենալով, հայտարարեց. «Այն, որ մեղավոր մարդասպանները հանգիստ շրջում են փողոցներով, իսկ անմեղ ակտիվիստները դատապարտվում են ազատազրկման նշանակում է, որ Հայաստանում չկա արդարադատություն` արդարություն: Իսկ այս ամենի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն անարդարությունների` թալանի, հալածանքների, սպանությունների գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանն է»:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ այսօր ՀԱԿ–ի կազմավորման 4 ամյակն է և իրենք, ի տարբերություն այս տարվա, միշտ այն նշել են Սարյանի արձանի հարակից տարածքում։
«Հատկանշական է, որ ՀԱԿ-ի կազմավորման օրը մենք այս տարի նշում ենք բողոքի ակցիայի միջոցով՝ այսինքն պայքարով։
Դա նշանակում է, որ ՀԱԿ-ը կատարում է իր առաքելությունը: Եթե մի երկիր ունի նման երիտասարդներ, նման սերունդ, որը չի հանդուրժում օրինախախտումներ, և ոտքի է կանգնում բռնապետության դեմ պայքարելու, ապա այդ երկրի իշխանությունը օր առաջ պետք է հեռանա»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին ՝ «Ես ազատ քաղաքացի եմ, իմ ընկերը ապօրինի կերպով բանտում է, նրանք իմ ընկերներն են և եթե նստել է պետք ուրեմն կնստենք այստեղ, ուրեմն կնստենք բոլորով ու այստեղ»:
Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին և Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին դատապարտեց համապատասխանաբար` 6 տարի 3 տարի և 2-ական տարի ազատազրկման:
Նրանք դատապարտվել են ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:









