Նախկին ոստիկանը դադարեցրել է հացադուլը և հարցերը կփորձի լուծել դատարանում

18:27 • 01.08.12

ՀՀ նախագահի նստավայրի առաջ hունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը երկու օր առաջ հայտարարած հացադուլն այսօր դադարեցրել է:


Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև իր հարցին այդպես էլ լուծում չի տրվել, սակայն Ոստիկանությունից նրան ուղղորդել են, թե ինչ պետք է անի:


Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պահանջում է Ոստիկանությունում արտաժամյա աշխատանքի դիմաց իր 2,5 մլն դրամը: Ե՛վ նախագահականում, և՛ Ոստիկանությունում նրան խոստացել էին լուծել հավելավճարների ու աշխատավարձի հարցը, ինչպես նաև, աջակցել հիվանդ աղջկա՝ Կարինեի բուժօգնության հարցում և ապահովել աշխատանքով:


Ըստ Մխիթար Ալումյանի, իրեն խորհուրդ են տվել դատի տալ նախկին ղեկավարությանը՝ Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ղեկավար Խաչիկ Ասատրյանին, որի պաշտոնավարման ժամանակ էլ նա աշխատել է:


«Ասացին, եթե դու իսկապես պահանջ ունես գնա, դիմիր դատարան, մենք էլ՝ քննություն է գնում, ինչքան նյութ կունենանք՝ կտրամադրենք, վարչության պետ Խաչիկ Ասատրյանը, ով աշխատացրել է քեզ, ասացին, որ ոչ մի տեղ չի նշել քո անունը: Այսինքն՝ ես ուրիշ մատյանում եմ ստորագրել, իսկական մատյաններում չի երևում անունս»,- ասաց նա:


Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը նաև նշեց, որ հացադուլի ընթացքում նրան ՀՀ ոստիկանապետի անունից 150.000 դրամի օգնություն է առաջարկվել, ինչից ինքը սկզբում հրաժարվել է, բայց հիմա որոշել է ընդունել գումարն ու առաջնորդվել Ոստիկանության խորհուրդներով:


«Ոստիկանապետը, որ 150.000 օգնություն էր առաջարկել, որից ես հրաժարվել էի, ասացին, որ կտան, ասացին՝ յոլա կգնաս, մինչև տեսնենք դատն ինչ է լինում»,- փոխանցեց Մխիթար Ալումյանը:


Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրեն աշխատանքի տեղավորման հարցով արդեն իսկ նախագահական նստավարից կանչել են իրեն, ըստ իր, հավանաբար այս ամսվա սկզբից Իջևանում ծառայության կանցնի, միաժամանակ կզբաղվի դատական հարցերով: