Մոլդովան պաշտոնապես «երկրորդ մայրաքաղաքը» կունենա
Մոլդովայի կառավարությունը համաձայնել է բարձրացնել Բելց քաղաքի կարգավիճակը, հաղորդում է «Նովոստի-Մոլդովա» պարբերականը:
Քաղաքը, որ հանրապետությունում ամենախոշորներից է և համարվում է «հյուսիսային մայրաքաղաք», պաշտոնապես հավասարեցվում է Քիշնևի կարգավիճակին:
Նշվում է, որ ներկայում Բելցը առաջին կարգի վարչական տարածքային միավորի կարգավիճակ ունի, ինչպես սովորական քաղաքներն ու գյուղերը: Սակայն իշխանության մտահաղացման համաձայն, այդ քաղաքը երկրորդ կարգի վարչական տարածքային միավորի կարգավիճակ կունենա, ինչպես Քիշնևը:
Համապատասխան դրույթ է պարունակում օրինագիծը, որը ներկայացված է խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Տուդոր Դելիուի պատգամավորների կողմից:
Այսօր, Մոլդովայի կառավարությունը հաստատել է այդ փաստաթուղթը: Այժմ այն պետք է հաստատվի խորհրդարանում:
Հիշեցնենք, որ Բելցի կարգավիճակի վերաբերյալ հարցը վերջերս բարձրացվել էր տեղական քաղխորհրդի ներկայացուցիչների կողմից, որոնք երկրի կենտրոնական իշխանություններին ընդդիմադիր դիրքորոշում ունեն:
Բելցի քաղաքապետի պաշտոնը 1990-ականների վերջից զբաղեցնում է կոմունիստ Վասիլի Պանչուկը:
Բելցի քաղխորհրդի ներկայացուցիչները Բելցի կարգավիճակի հետ կապված հանրաքվե անցկացնելու օգտին հունիսի 26-ին նրանք քվեարկել էին:
Հանրաքվեի կազմակերպիչները, պարբերականի հաղորդմամբ, ցանկանում են «ինքնուրույն տնօրինել հավաքագրված գումարները, ղեկավարել ոստիկանության և այլ ծառայությունների աշխատանքը, նշանակել ուսումնական և բժշկական հաստատությունների ղեկավարներին»:
Մոլդովայի ղեկավարությունը ժխտական է արձագանքել այդ նախաձեռնությանը, հայտարարելով, որ հանրաքվեի վերաբերյալ որոշումը անօրինական է:









