Կարմիր խաչը հրաժարվել է ադրբեջանցի գերու նամակը փոխանցել նրա ընտանիքին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հրաժարվել է Հայաստանին հանձնված ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևի նամակը փոխանցել նրա ընտանիքին: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել են գերու ընտանիքի անդամները:
Համաձայն գործակալության` ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել պատանդի ընտանիքի անդամների հետ: Նրանք հայտնել են, որ գերին իրեն լավ է զգում, նրանց նամակ է ուղարկել, սակայն հրաժարվել են փոխանցել այն հարազատներին:
Գրասենյակից գործակալությանը պարզաբանել են, որ կոմիտեն ունի համապատասխան աշխատանքային կանոններ ու գործընթացներ, որոնց աշխատակիցները պարտավոր են հետևել, և որ նամակի փոխանցման գործընթացը դեռևս չի ավարտվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով կոմիտեի հայաստանյան գրասենյակին, Կարմիր խաչի աշխատակիցները հուլիսի 31-ին այցելել են Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևին: Ինչպես հաղորդել է Trend գործակալությունը, նրան է փոխանցվել հարազատներից մեկ նամակ, նրանից ստացվել 2 նամակ:









