Ամերիկյան դատարանն Իրանից ու ահաբեկիչներից 6 մլրդ դոլար է պահանջել սեպտեմբերի 11-ի տուժածների համար
Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանն «Ալ Կաիդա» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումներից, ինչպես նաև Իրանի իշխանություններից 6 մլրդ դոլար է պահանջել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչությունների 47 զոհերի ընտանիքների ու 110 ողջ մնացածների համար: Ինչպես հայտնում է The Daily News-ը, փոխհատուցան մասին պահանջը հրապարակել է դատավոր Ֆրենկ Մաասը:
Փոխհատուցման չափը որոշել նրան հանձնարարել էր տուժածների հայցը քննած դատավոր Ջորջ Դենիելսը, ում վճռով «Ալ Կաիդա»-ն, «Թալիբան»-ն ու իրանական ղեկավարությունը մեղավոր են ճանաչվել: Հայցը ներկայացվել էր 2011թ.-ին: Դատարանի որոշմամբ` ահաբեկիչներին աջակցել են Իրանի իշխանությունները, մասնավորապես` Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, ով իմացել է ծրագրված ահաբեկչությունների մասին, սակայն ոչինչ չի արել դրանք կանխելու համար:
Իրանը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները, ավելին` նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դրանց կազմակերպման մեջ մեղադրել է հենց ամերիկացիներին:









