Ավտովթար` Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում. կա 2 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17.30-ի սահմաններում Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 65 ՏՏ 059 համարանիշի և «Լադա 2115» մակնիշի 30 ՕՏ 271 համարանիշի ավտոմեքենաներ:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթում:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ «ՎԱԶ 2106»-ը վարել է 31-ամյա Աշոտ Համբարձումյանը, իսկ «ԼԱԴԱ 2115»-ը` 30-ամյա Գագիկ Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









