Բաթումիում 35 հարկանի հյուրանոց է կառուցվում
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Բաթումիում մասնակցել է 35 հարկանի հյուրանոցի կառուցման հիմնարկեքի արարողությանը, հայտնում է GHN-ը: Շինարարությունն իրականացնում է վրացական «Օրբի գրուպ» ընկերությունը:
«Մենք այսօր ունենք այնպիսի շինարարներ ու ճարտարապետներ, որոնք կարող են օտարերկրացիներից ոչ պակաս գործ անել, և այսօր այս շինհրապարակում չկա նույնիսկ մեկ օտարերկրացի շինարար»,- ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ աշխատավորները ստանում են բարձր աշխատավարձ ու գոհ են աշխատանքային պայմաններից:
Հիմնարկեքի արարողությունից հետո, Սաակաշվիլին այցելել է Բաթումիի զբաղվածության գործակալություն, որը շինարարության համար տրամադրել է 250 բանվորի: Սաակաշվիլին նշել է, որ Բաթումին կդառնա պրոֆեսիոնալ կրթության տարածաշրջանային կենտրոն, քանի որ այստեղ բացվելու է ամերիկյան Տեխնիկական համալսարան:









