Մասնագետներն ընտրել են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը

11:58 • 02.08.12

Հեղինակավոր Sight & Sound.հանդեսը հրապարակել է Բրիտանիայի Կինեմատոգրաֆի ինստիտուտի` յուրաքանչյուր 10 տարին մեկ հրապարակվող ավանդական հարցման արդյունքները, որն անց է կացվում առաջատար կինոռեժիսորների և կինոքննադատների շրջանում՝ լավագույն ֆիլմերը որոշելու նպատակով:

 

Այս հարցումով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկը գլխավորել է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» ժապավենը: 2-րդ տեղում նախորդ տասնամյակի առաջատարն է՝ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը»: Եռյակը եզրափակում է ճապոնացի ռեժիսոր Յասուձիրո Օձուի «Պատմություն Տոկիոյից»: Ըստ հարցված ռեժիսորների՝ հենց սա պետք է համարել աշխարհի լավագույն ֆիլմը: Ուշագրավ է, որ ռեժիսորները Հիչքոքի գործը Կոպոլայի «Կնքահոր» հետ մեկտեղ 7-րդ հորիզոնականում են «տեղավորել»:

 

Ռեժիսորների և կինոքննադատների կարծիքները համընկել են «Քաղաքացի Քեյնի» դեպքում:

 

Քննադատների կարծիքով բոլոր ժամանակների կինոգլուխգործոցների տասնյակում են Ժան Ռենուարի «Խաղի կանոնները», գերմանացի ռեժիսոր Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի «Լուսաբաց. Երկու մարդու երգը» հոլիվուդյան ֆիլմը, Ջոն Ֆորդի «Որոնողները» վեստերնը, Ձիգի Վերտովի՝ վավերագրական կինոյի դասական գործ համարվող «Կինոապարատով մարդը» և Կառլ Թեոդոր Դրայերի «Ժաննա դ’Արկի չարչարանքները» համր դրաման:

Տասնյակը եզրափակում է Ֆեդերիկո Ֆելինիի «8 ու կես»-ը:

 

Հարցմանը մասնակցել է համաշխարհային կինեմատոգրաֆի 846 ազդեցիկ գործիչ: