Բրեյվիկի հայրը որդու մասին գիրք կhրատարակի
Նորվեգիայում 77 մարդու սպանության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի հայրը մտադիր է որդու մասին գիրք հրատարակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Դագբլադեթ» հրատարակությանը: Այս տեղեկությունը լրագրողներին է հայտնել անձամբ Ենս Բրեյվիկը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել: «Դա ճիշտ է, սակայն ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- ասել է նա:
Նորվեգացի լրագրողները կապվել են աշխարհի խոշորագույն հրատարակչատների հետ` փորձելով պարզել` չի՞ առաջարկվել նրանց հրատարակել գիրքը: Հրատարակիչները հայտնել են, որ դեռ չեն ստացել նման առաջարկ, սակայն ստանալու դեպքում չեն մերժի:
Նախկին դիվանագետ Ենս Բրեյվիկը կնոջ հետ բնակվում է Ֆրանսիայի հարավում: Ահաբեկչություններից հետո նա հրաժարվել էր լրագրողների հետ շփումից ու դատապարտել էր որդու արարքը: Սակայն նախորդ տարեվերջին նա համաձայնել էր մեծ հարցազրույց տալ նորվեգական հեռուստաընկերությանը, որի ժամանակ խոստովանել էր, որ խղճի խայթ է զգում:
«Ես չկարողացա լավ հայր լինել»,- ասել էր նա` հավելելով, որ չի շփվել որդու հետ ավելի քան տասը տարի:
Ապրիլի 16-ից հունիսի 22-ն Օսլոյի դատարանում անցկացվել է Բրեյվիկի գործով դատալսում: Նա մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 22-ին մայրաքաղաք Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն իրականացնելու և Ուտոյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ կրակահերթ բացելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է 77 մարդ: Հաղորդվում է, որ նրա դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին:









