«Արևելյան գործընկերության» երկրներին 22 մլն եվրո է հատկացվելու՝ բնապահպանական թեքումով նախագծերի համար

15:10 • 02.08.12

Եվրոպական հանձնաժողովը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ընդունել է 2012 թ-ի գործողությունների ծրագրի առաջին մասը, որն առնչվում է տրանսպորտային հաղորդակցությանն ու բնապահպանությանը:

Բնապահպանության ոլորտում ԵՄ-ն աջակցելու է էկոլոգիապես մաքուր արտադրության և սպառման գործընթացներին, գյուղատնտեսությանը, ինչպես նաև անտառների պաշտպանությանը:


Տրանսպորտի ոլորտում աջակցություն է ցուցաբերվելու «Արևելյան գործընկերության» և Կենտրոնական Ասիայի պետություններին` իրագործելու տարածաշրջանային ճանապարհների անվտանգության գործողությունների ծրագիրը:


Ընդհանուր առմամբ հատկացվելու է 22 մլն եվրո, որից 9 մլն-ը կհատկացվի անտառների պահպանությանն ուղղված ծրագրերին, 10 մլն-ը` էկոլոգիապես մաքուր արտադրությանը` «կանաչ» տնտեսությանը, իսկ 3 մլն եվրոն` տրանսպորտի ոլորտի զարգացմանը:


«Արևելյան գործընկերության» անդամ պետություններն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան: