Հունաստանի կառավարությունը կկրճատի պետական ծախսերը 11.5 մլրդ եվրոյով

10:27 • 02.08.12

Երեք կուսակցություններից բաղկացած Հունաստանի կոալիցիոն կառավարությունը չորեքշաբթի համաձայնության է եկել 2013-2014թթ. բյուջետային ծախսերը 11.5 մլրդ եվրոյով կրճատելուն ուղղված միջոցառումների փաթեթի հարցում, գրում է The Financial Times-ը: Կրճատումներն արվում են այսպես կոչված «եռյակի»` Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկ ստանալու համար:

 

Այժմ նախարարների կաբինետը պետք է բանակցություններ վարի «եռյակի» հետ` սեպտեմբերին 31 մլրդ եվրոյի չափով վարկը ստանալու համար: Առանց այդ օգնության` Հունաստանը կարող է ի վիճակի չլինել կատարել իր ֆինանսական պարտավորությունները:

Ֆինանսների նախարար Յանիս Ստոուրնասը հայտնել է, որ պետծախսերի կրճատման ծրագրի մանրամասները կներկայացվեն օգոստոսի վերջին: Նոր փաթեթը Հունաստանի խորհրդարանը կհաստատի սեպտեմբերին: