Արգենտինան ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ. քաղաքապետ Գուստավո Պոսսե
Օգոստոսի 1-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Սան Իսիդրոյի քաղաքապետ դոկտոր Գուստավո Պոսսեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, արգենտինահայ համայնքի տարբեր կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև Սան Իսիդրոյի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին, համագործակցության հնարավոր բնագավառներին առնչվող հարցեր։ Նշվել է, որ փոխադարձ այցելությունները լուրջ խթան կարող են հանդիսանալ հետագա համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու համար։
Մասնավորապես, այդ առնչությամբ Վահագն Մելիքյանը կարևորել է քույր քաղաքների զարգացման գաղափարը, ինչը դրականորեն ընդունվել է Գուստավո Պոսսեի կողմից։ Երկուստեք ընդգծվել է, որ գոյություն ունի չօգտագործված հսկայական ներուժ, իսկ Արգենտինայում մեծ հարգանք վայելող և ազդեցություն ունեցող հայ համայնքը կարող է իր գործուն աջակցությունն ու օժանդակությունը ցուցաբերել բազմաթիվ նախաձեռնություններում։
Դեսպան Մելիքյանը հրավիրել է Սան Իսիդրոյի քաղաքապետին այցելել Հայաստան՝ ավելի մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, ինչպես նաև տեղում քննարկելու համագործակցության հետագա ուղղությունները։ Հրավերը սիրով ընդունվել է քաղաքապետի կողմից։
Այնուհետև, կողմերն անդրադարձել են նույն օրը Սան Իսիդրոյի քաղաքային խորհրդի կողմից ընդունվելիք 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին։
ՀՀ դեսպանն ընդգծել է դրա կարևորագույն նշանակությունն արդարության վերականգման, ինչպես նաև նմանատիպ հանցագործություններն ապագայում կանխարգելելու առումով։ Քաղաքապետ Պոսսեն նշել է, որ Արգենտինան ավանդաբար ջերմ վերաբերմունք է դրսևորել հայ ժողովրդի նկատմամբ, իսկ արգենտինահայերի ակտիվ ներգրավվածությունը երկրի ներքին կյանքի բոլոր բնագավառներում բարձր գնահատանքի է արժանի։
Նա նույնպես կարևորել է քաղաքային խորհրդի կողմից բանաձևի ընդունման փաստը և իր զորակցությունն ու պատրաստակամությունը հայտնել՝ միշտ կանգնելու արգենտինահայերի կողքին։
Հանդիպման վերջում կայացել է մամլո ասուլիս, որի ընթացքում քաղաքապետը և դեսպանը պատասխանել են լրագրողների հարցերին։









