Սիրիայի մոտ 3 մլն բնակիչ մարդասիրական օգնության խիստ կարիք ունի. ՄԱԿ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) այսօր նոր տվյալներ է հրապարակել Սիրիայում քաղցողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ նոր տվյալների` առաջիկա 3-6 ամիսների ընթացքում սննդամթերքով ապահովման կարիք կունենա մոտ 1.5 մլն բնակիչ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, մոտ 1 մլն սիրիացի էլ օգնության կարիք է զգում գյուղատնտեսության ոլորտում: Նրանք սերմերի, անասնակերի, վառելիքի, ինչպես նաև ոռոգման համակարգերի նորոգման կարիք ունեն:
ՊԳԿ տվյալներով` երկրում շարունակվող մարտերի հետևանքով գյուղատնտեսության ոլորտն ընթացիկ տարում կրել է ընդհանուր առմամբ 1.8 մլրդ դոլարի վնաս:
Սիրիայում կառավարական զորքի ու ընդդիմության միջև բախումներն ընթանում են 2011թ.-ի մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` մարտերի հետևանքով զոհվել է մոտ 16.000 մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ:









