Իսրայելը նորացրել է իր ամենավաճառվող անօդաչուն
Israel Aerospace Industries պետական ընկերությունը ներկայացրել է ամենավաճառվող` Heron անօդաչու թռչող սարքի նորացված տարբերակը, գրում է Flightglobal-ը: Heron NG անունը ստացած նոր անօդաչուն տարբերվում է նախորդներից թռիչքի հեռավորությամբ և հետախուզման, կապի ու դիտարկման նորացված սարքավորումներով:
IAI-ի տվյալներով` Heron NG-ի դիտարկման սարքը թույլ է տալիս հետախուզում իրականացնել ցանկացած տեսակի տեղանքում` լինի անտառ, ջունգլի, ճահիճ, ծով , թե քաղաք: Անօդաչուի կառավարումը, ինչպես նաև հետախուզական տեղեկության փոխանցումն իրականացվում է արբանյակային կապի միջոցով:
Heron NG-ի թռիչքի հեռավորությունը 1.500 կմ է: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարբերակի` Heron-1-ի թռիչքի հեռավորությունը 350 կմ է:
Սա Heron ընտանիքում արդեն 4-րդ անօդաչուն է: Սկզբում IAI-ն արտադրել է Heron-ը, այնուհետ Heron-1-ը, Heron-TP-ն, իսկ այժմ Heron NG-ն:
Ներկայում Heron ընտանիքի սարքերն ամենավաճառվողն են: Դրանք առկա են աշխարհի 13 երկրների սպառազինությունների թվում:









