Մոսկվայում ոչ սթափ դեսանտայինները զրահամեքենայով շրջելիս վթարի պատճառ են դարձել (տեսանյութ)
Մոսկվայում Օդադեսանտային զորքերի օրը նշող երկու երիտասարդ զինվորական ավտովթար են ենթարկվել նոր «Տիգր» զրահամեքենայով: Այս մասին հաղորդում է Life News-ը` հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ քաղաքային վարչության այսօրվա հաղորդագրությանը:
«Տիգրը» բախվել է «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենային: Տուժածներ չկան, սակայն մարդատարը լրջորեն վնասվել է: Դեսանտայինները հապճեպ լքել են դեպքի վայրը, սակայն 10 րոպե անց զրահամեքենան կանգնեցվել է ճանապարհային տեսուչների կողմից», - ասված է հայտարարության մեջ:
Երկու զինվորականն էլ մեծ քանակի ալկոհոլ օգտագործած և ոչ սթափ վիճակում էին: Նրանք չունեին ոչ վարորդական իրավունք, ոչ մեքենայի փաստաթղթեր:
«Տիգրը» 6,3 տոնա քաշ ունի, և նման ծանր մեքենայի ղեկավարման համար հատուկ C կարգի վկայական է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ ավանդաբար դեսանտայիններն այս օրը խրախճանքներ են կազմակերպում Մոսկվայի և այլ քաղաքների զբոսայգիներում, ոմանք լողանում են շատրվաններում: Անվտանգության նկատառումներով այսօր Մոսկվայում հատուկ 3000 ոստիկան է աշխատում: Իսկ երկրի մի շարք քաղաքներում և բնակավայրերում անջատվել են շատրվանները:
Բացի այդ, Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիան (ՌՆՖ) ազգային փոքրամասնություններին խորհուրդ է տվել այսօր խուսափել նախկին զինվորականների հետ կոնֆլիկտներից և հնարավորինս աշխատել տանից դուրս չգալ:










