Իսպանիայի թագավորը կրկին կոտրել է քիթը
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսն այսօր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբ այցելության ժամանակ ընկել է և կոտրել քիթը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իսպանական «Մունդո» թերթի կայքէջին: Դեպքը տեղի է ունեցել լրագրողներին մոտենալու պահին:
Չնայած վնասվածքին, թագավորը չի լքել գլխավոր շտաբը և մասնակցել է շտաբի պետ Ֆերնանդո Գարսիա Սանչեսի գլխավորած նիստին: Ի դեպ, նա ստիպված կլինի այսօր երեկոյան կոտրված քթով դիմավորել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիին:
Իսպանական թագավորը հաճախ է նման իրավիճակներում հայտնվում: Նախորդ տարվա աշնանը նա Սուդանի, Բելգիայի, Մալայզիայի, Հնդկաստանի ու Կիպրոսի դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողությանը հայտնվել էր կոտրված քթով ու աչքի տակ կապտուկով: Թագավորը հետևյալ բացատրությունն էր տվել լրագրողներին. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ բախվում ես դռանը»:
Այս տարվա ապրիլին էլ նա ազդրոսկրի վիրահատության էր ենթարկվել: Թագավորն ազդրոսկրը կոտրել էր Բոտսվանայում փղերի որսի ժամանակ:









