Ոստիկանությունից պահանջում են թույլ չտալ, որ «Հարսնաքարի» գործը կոծկվի (տեսանյութեր)
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ոստիկանության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեց՝ պահանջելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելուց հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել համապատասխան դատավարական բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնք ոստիկանությունը չի տրամադրել նրանց:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ Ոստիկանության հավաստիացումները, թե արդյունավետ քննություն ապահովելու համար ամեն ինչ արվելու է, անհամատեղելի են նյութերի չտրամադրելու հետ:
Ակցիային մասնակցում էին տարբեր քաղաքական ու քաղաքացիական խմբեր, որոնց թվում էին «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստները, «Ժառանգություն» կուսակցության ներակայացուցիչներ, «Սարդարապատ» շարժման անդամներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիներ:
Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը հայտարարեց, որ 15 հոգով բժշկական սպային դաժանաբար ծեծի ենթարկել ու որակորել անզգույշ կերպով սպանություն ուղղակի խեղկատակություն է:
Ըստ նրա, մեղադրանքի նոր վերաորակումները կոծկման մաս են հանդիսանում: «Մենք ուզում ենք Ոստիկանությանը հիշեցնել, որ հերթական անգամ թույլ չտալ կոծել այսպիսի մեծ աղմուկ առաջացած և արդարադատության պահանջարկ ունեցող գործը»,-ասաց նա և զգուշացրեց, որ իրենց նախաձեռնությունը հետամուտ է լինելու այս գործի արդար քննությանը:
Ոստիկանությունից Վահե Ավետյանի գործը քննող քննիչներից մեկը իջավ և ակցիայի մասնակիցներին առաջարկեց կազմել ակտիվիստների մի խումբ և բարձրանալ իրենց մոտ՝ հարցը քննարկելու, ինչը հավաքվածները մերժեցին:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ խումբ կազմելու անհրաժեշտություն չկա, ընդամենը պետք է Ոստիկանությունը բաց գործի և թույլ տա իրավաբաններին գործին մասնակից լինել:
Ակցիայի մասնակիցներին միացան նաև քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու գործերին:
«Մենք գործերին ծանոթանալու մասին ծանուցում ստացել ենք միայն երեկ երեկոյան և բնականաբար չէինք կարող երեկ գալ գործերին ծանոթանալու համար: Փոխանակ Ոստիկանությունը լուրջ գործով զբաղվի և քննություն անցկացի, զբաղված էր հայտարարություններ տարածելով»,-ասաց նա:
Լրագրողների հետ խոսեց նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կարևոր գործերի քննության վարչության Երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, ում գլխավորած բաժնում էլ ընթանում է նախաքննությունը: Նա վստահեցրեց, որ դեռևս հուլիսի 27-ին իրենք քրեական գործի նյութերի ծանոթանալու համար փաստաբաններին ծանուցում են ուղարկել:
«Ես հայտարարում եմ, որ նրանք չեն եկել ծանոթանալու, մենք պատրաստ ենք նյութերին ծանոթանալ նաև այսօր, որին կարող են մասնակցել նաև ակցիա մասնակիցներից կազմված մի խումբ»,- ասաց նա:
Ի վերջո, փաստաբանները բարձրացան՝ ծանոթանալու գործի նյութերին:









