Սիրիացի փախստականներին Թուրքիան մտադիր է բնակեցնել Ադրբեջանում

12:15 • 02.08.12

Թուրքիան ցանկանում է Սիրիան լքած փախստականներով կիսվել Ադրբեջանի հետ: Vesti.az-ի հետ զրույցում նման տպավորություն է ստացել ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն կոմիսարիատի Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էլսավար Աղաևը` ընթերցելով թուրքական մամուլը:


Ըստ թուրքական լրատվամիջոցների` Սիրիան լքած թուրքերը` մոտ 300 ընտանիք, ցանկություն են հայտնել մինչև ճգնաժամի ավարտը բնակվել Ադրբեջանում: Հաղորդվում է, որ այս հարցով պաշտոնական Անկարան ներկայում բանակցություններ է վարում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան հետ:


Էլսավար Աղաևի խոսքով` ներկայում ՄԱԿ-ի ՓԳԿ Բաքվի գրասենյակում հաշվառման կանգնած օտարերկրացի փախստականների ավելի քան 50%-ը չեչեններ են (մոտ 900 մարդ):


«Այնուհետ աֆղանացիները, ավելանում է իրանցի քաղաքացիների թիվը, որոնք մեզ դիմում են փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այնուհետ իրաքցիներն են ու պակիստանցիները»,- նշել է Աղաևը:


Սակայն Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Ալիովսաթ Ալիևի խոսքով` Ադրբեջանում արդեն իսկ հայտնվել են սիրիացի փախստականներ:


«Սիրիայում մարտական գործողությունների պատճառով Բաքու է եկել սիրիա-ադրբեջանցի մի ընտանիք: Նրանք կապնվել են ինձ հետ ու հայտնել, որ փախստականների հոսք է սպասվում Ադրբեջան: Իմ կարծիքով` կան այցելողներ, սակայն նրանք թաքնվում են»,- ասել է նա:


Սակայն Ներքին գործերի նախարարության Միգրացիայի ու անձնագրերի գրանցման գլխավոր վարչության Ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի վարչության աշխատակիցները vesti.az-ին հայտնել են, որ դեռ չգիտեն ինչպես վարվել ապօրինի ներգաղթյալների հետ, եթե նմանները հայտնվեն երկրում:


«Անկեղծ ասած` մենք չգիտենք` ինչպես վարվել Սիրիայից եկածների հետ: Որովհետև անցյալում Սիրիայից ապօրինի միգրանտի հայտնաբերման դեպքում նրան ուղարկում էինք Ստամբուլի չվերթով: Սակայն այն բանից հետո, երբ հունիսի 22-ին սիրիական հակաօդային պաշտպանությունը Միջերկրական ծովում ոչնչացրեց թուրքական F-4 կործանիչը, Թուրքիան հանել է չվերթերը հարևան երկիր: Իսկ երրորդ երկրներ ուղարկելու իրավունք մենք չունենք: Եթե նման իրավիճակ լինի, մենք, հավանաբար, բանակցություններ կսկսենք այն երկրների հետ, որոնք Սիրիայի հետ ունեն անայցագրային ռեժիմ»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Պաշտոնական Բաքուն դեռ ոչ մի հայտարարություն չի արել:


Իսկ մինչ այդ Սիրիայում կառավարական զորքի ու ապստամբների միջև բախումները շարունակվում են: Ըստ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի` նախօրեին զոհվել է նվազագույնը 117 մարդ, այդ թվում` կանայք ու երեխաներ: