ՍԴՀԿ-ն քաղաքական այլ ուժի ծառայեցնող անձինք՝ մեկընդմիշտ վտարված են. հայտարարություն

13:57 • 02.08.12

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության մամլո դիվանը տարածել է հայտարարություն, ուր նշվում է, թե կուսակցության ատենապետի՝ ով լինելու շուրջ երկար ժամանակ ծավալվող վեճն, ի վերջո, գտել է իր հանգուցալուծումը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետը Գևորգ Պերկուպերկյանն է:

 

Ստորև ներկայացնում ենք ՍԴՀԿ վարչության տարածած հայտարարությունը.



Գոհունակությամբ հայտնում ենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ բավական երկար ժամանակ ձգձգվող վեճը, վերջապես, գտավ իր տրամաբանական ու արդարացի հանգուցալուծումը: Այլևս պետական բոոր օղակներում իբրև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ նշվում է Գևորգ Պերկուպերկյանի անունը, կուսակցության անվան հետ խաղացող, նրան այլ քաղաքական ուժին իբրև գործիք ծառայեցնել փորձող բոլոր անձինք մեկընդմիշտ վտարված են:

 

Ելնելով այս իրականությունից` ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարում է.

1. Հայցում ենք մեր շարքայինների, համակիրների, Սփյուռքի բոլոր կազմակերպական կառույցների ներողամտությունն այս անցանկալի խնդիրը երկար ձգձգելու և կուսակցության անվան հետ կապված շահարկումների համար:


2. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է նոր ուղու քաղաքականություն: Այսուհետ, Հնչակյան կուսակցությունը լինելու է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, չեն պաշտպանվում ընկերային ազատությունները, կան հալածյալ և շահագործ հայեր:


3. ՍԴՀԿ-ն սկսում է իր կազմակերպական կառույցների, շրջանների հզորացման գործընթաց՝ հիմնված կուսակցության 125-ամյա գաղափարախոսության, ունեցած փորձի և հավատամքի վրա:


4. Իբրև հիմնական պայքարի թիրախ հայտարարում է օլիգարխիան, որ վերջին 20 տարիներին, ունենալով տնտեսական, կրիմինալ ու քաղաքական լծակներ, դեգրադացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական դաշտը՝ այն փորձելով դարձնել սեփական հարստացման միջոց և խողովակ:


5. Կրկին ակտիվացվում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը՝ իբրև երիտասարդների շահերի պաշտպան, նրանց խնդիրների բարձրացման, հասարակական հնչեղություն տալու հարթակ, որը կգտնվի այնտեղ, որտեղ հայ երիտասարդն է՝ իր խնդիրներով, հոգսերով, ոտնահարված իրավունքներով և լուծման կարոտ հոգսերով:

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը զանգվածային լրատվամիջոցներին խնդրում և հորդորում է առավել նրբանկատ լինել կուսակցության գործունեությունը լուսաբանելիս և ՍԴՀԿ-ից վտարված անձերին իբրև հնչակյան չներկայացնել: ՍԴՀԿ-ն Հայաստանում միակն է, գրանցված է Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում՝ ատենապետ ունենալով Գևորգ Պերկուպերկյանին և իբրև ղեկավար մարմին՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հետևյալ կազմով.


1. Արթուր Հայրապետյան
2. Վոլոդյա Ազատյան
3. Վարազդատ Եղիազարյան
4. Խաչիկ Սարգսյան
5. Հովհաննես Տերտերյան
6. Արտյոմ Խոյեցյան
7. Գևորգ Պերկուպերկյան