Թալին քաղաքն ունի այնքան ռեսուրս, որ եթե օգտագործի՝ հինգ նման համայնք բարեկեցիկ կապրի. քաղաքապետի թեկնածու (լուսանկարներ)

15:15 • 02.08.12

Թալինի քաղաքապետի թեկնածու Գագիկ Կարապետյանն այսօր ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Թալին քաղաքն ունի այնքան ռեսուրս, որ ճիշտ օգտագործելու դեպքում, հնարավոր կլինի հինգ Թալինի նման քաղաք պահել:


«Մենք չենք կարող համակերպվել մեր համայնքում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետ: Իմ ցանկությունը մեկն է՝ տեսնել Թալինը բարեկեցիկ և զարգացած, իսկ թալինցիներին տեսնել հպարտ, երջանիկ և ամուր կանգնած իրենց պապենական հողի վրա»,– ասաց նա:


«Ես համայնքի զարգացման համար առաջնային խնդիր եմ համարում Թալինում ագրարային տնտեսության հիմնումը, Թալինի ոռոգման ջրի խնդրի մեկընդմիշտ կարգավորումը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի համայնքի բնակչի տրամադրության տակ եղած հողն օգտագործվի իր նպատակային նշանակության համար»,- իր խոսքում նշեց քաղաքապետի թեկնածու Գագիկ Կարապետյանը:


Գագիկ Կարապետյանը ընտրողներին տեղեկացրեց, որ Թալինի քաղաքապետարանում պետք է լինի իրավաբանական գրասենյակ, որը կգործի քաղաքապետարանին կից։


«Պետք է լինեն 3 բարձրակարգ իրավաբաններ, որոնք յուրաքանչյուր թալինցու իրավունքները պետք է պաշտպանեն: Մեր քաղաքացու իրավունքները չպետք է ոտնահարվեն, մենք Սիցիլիայում չենք ապրում, սա մեր հողն ու ջուրն է, և մենք բոլորս պետք է պատվախնդիր ապրենք, ու ոչ մեկին թույլ չտանք, որ մեր քաղաքացու իրավունքները ոտնահարի»,- նշեց Գագիկ Կարապետյանը:


Հանդիպմանը ներկաներից մեկի հարցին, թե ընտրվելու դեպքում կկարողանա նա լուծել փախստականների բնակարանների և մնացած հարցերը, Գագիկ Կարապետյանը պատասխանեց. «Ես ձեր և ազատամարտիկների մասով շատ մեծ նպատակներ ու ծրագրեր ունեմ: Դրա մեջ առաջինը մտնում է ձեր սոցիալական վիճակի լավացումը, և բնակարանների հարցի լուծումը:

Մենք քաղաքում ունենք անավարտ շենքեր, որոնք մեկ տարի հետո մեր քաղաքի արտաբյուջեի հաշվին տարեկան չորս հինգ բնակարան կկարողանանք հանձնել մեր բնակիչներին, թե ազատամարտիկներին, թե ձեզ նման փախստականներին, թե հատուկ կարիքավորներին»:


Հիշեցնենք, որ Թալինի նախկին քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ Մ. Մնացականյանն ազգային ժողովի թիվ 15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի համապետական ընտրություններին ընտրվեց պատգամավոր:


Թալինում քաղաքապետի պաշտոնի համար մրցում են հինգ թեկնածուներ: Սարգիս Արամյանը, Գագիկ Կարապետյան, Վորոշ Խաչատրյանը, Վազգեն Խաչատրյանը, և Էդվարդ Գրիգորյանը: