Սյունիքում վառելիքատարը շրջվել է. արտահոսել է մոտ 20 տոննա վառելիք (լուսանկարներ)

19:04 • 02.08.12

Այսօր` օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհին` Քարահունջ գյուղի մոտ, «Սկանյա 420» մակնիշի Իրանի Իսլամական Հանրապետության` 117 146 համարանիշի վառելիքատար ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, շրջվել է:
 

Վառելիքատարի վարորդը` ԻԻՀ քաղաքացի Բախտիար Օսմանը, թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:


Ավտովթարի հետևանքով վառելիքատարից սկսվել է վառելիքի արտահոսք. մոտ 20 տոննա վառելիք թափվել է ճանապարհին:


Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և հետաքննիչ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի