ՀՀ–ում մարդիկ չպետք է հետապնդվեն քաղաքական հայացքների համար. ԲՀԿ մամուլի խոսնակ

17:55 • 02.08.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար։


Սակայն, ըստ նրա, եթե մարդը կատարել է հանցագործություն, ապա անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է կրի պատասխանատվություն: Այս մասին հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:


Հարցին, թե որքանո՞վ է արդարացի «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի 4 ակտիվիստների նկատմամբ 2-ից 6 տարի ազատազրկման մասին կայացված որոշումը՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց՝ հիշեցրելով, որ ԲՀԿ-ն այս հարցում իր տեսակետն արդեն հայտնել է։


«ԲՀԿ խմբակցության քարտուղար տիկին Զոհրաբյանը շատ սպառիչ պատասխան տվեց այդ հարցին, բնականաբար, մտահոգություն հայտնելով և՛ պատժաչափի, որին նրանց արժանացրել են, և՛ առհասարակ, ամբողջ գործընթացին»,- ասաց Ուրիխանյանը:


Նա նաև նշեց, որ նման դեպքերի մասին տեսակետ հայտնելիս մշտապես հույս է հայտնել, որ իրավապահները նման գործերը կբացահայտեն՝ անկախ քաղաքական նկատառումներից՝ առաջնորդվելով բացառապես սևով սպիտակի վրա գրված քրեական օրենսգրքի դրույթներով:


Սակայն այս դեպքում, ԲՀԿ մամուլի խոսնակը համամիտ է հնչող այն տեսակետներին, որ սահմանված պատիժն, անշուշտ, ավելի խիստ էր, քան կարող էր լինել:


Ինչ վերաբերում է ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով կազմակերպվող ակցիաներին ԲՀԿ-ի չմասնակցելուն, ըստ նրա, անհրաժեշտ են ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել: