Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին
Երևանի «Ռուսական արվեստի թանգարանում» (Ա. Աբրահամյանի հավաքածու) օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ին, կկայանա գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին:
Մշակույթի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ռուսական արվեստի թանգարանը երեկոյին կներկայացնի մեծանուն նկարչի «Իմ կյանքը» գրքից հատվածներ և բանաստեղծություններ, որոնք կհնչեն ասմունքող Աննա Միքաելյանի կատարմամբ:
Երեկոյի գրական հատվածը կուղեկցվի Մարկ Շագալի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տեսաֆիլմով:
Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսորն է «Մենորա» հրեական մշակույթի կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովը: Ֆիլմում հնչող երաժշտությունը ՀՀ վաստակավոր գործիչ Վիլլի Վայներինն է:
Մարկ Շագալի ստեղծագործություններն աչքի են ընկնում նուրբ գեղագունությամբ, նկարչի վառ երևակայությամբ ստեղծված հմայիչ կերպարներով և զարմանալի, միայն իրեն հատուկ գրավիչ միջավայրով:










