Յուրմալայում Սուրեն Առուստամյանը նախապես պատրաստած 3 երգից 2-ն ստիպված է եղել փոխել
«Նոր Ալիք-2012» երգի մրցույթը դրական մեծ լիցքեր է հաղորդել մրցույթի մասնակից հայաստանյան ներկայացուցիչ, երաժիշտ Սուրեն Առուստամյանին, ով իր տրամադրությունները կիսեց լրագրողների հետ՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
«Երբ գնացինք՝ ասացին, որ երկու երգերս էլ ռոքային են և չեն համապատասխանում մրցույթի ֆորմատին: Այն, ինչ-որ ես եմ անում, մի փոքր տարբերվում է մրցույթի ձևաչափից: Չեմ մտածում ոճային փոփոխության մասին, բայց այդ ֆորմատը ևս ինձ դուր եկավ»,-ասաց երգիչը:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվեց հուլիսի 24-29-ին, իսկ Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սուրեն Առուստամյանը, ով գրավեց 7-րդ տեղը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Նոր Ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշեց, որ մինչ մրցույթը՝ իրենց մոտ խուճապ է առաջացել, քանի որ պարզվեց, որ երգերի այն ցանկը, որը պատրաստել էին, չեն կարող ներկայացնել:
«Մեզ տվեցին 4 ժամ և ասացին՝ գնացեք մտածեք, թե ի՞նչ եք երգում: Մենք չէինք մտածում, որ նման բան մեզ հետ կպատահի»:
Հարցին, թե, արդյո՞ք, Սուրենի համար անակնկալ էր այն, որ ինքը գրավեց 7-րդ տեղը, երգիչը պատասխանեց. «Ժյուրիի չափանիշները դժվար է հասկանալը: Միայն մտածում էի, որ լավ երգեմ: Այն, ինչ դու անում ես, տեսնում ես, որ հանդիսատեսին դուր է գալիս, դա ամենամեծ բավականությունն է, որ կարող ես ապրել բեմում: Ես հաճույք ստացա մրցույթից, և շատ հարցերի նկատմամբ իմ մոտեցումը փոխվեց դեպի ավելի լավը»,- ասաց նա:
Իրինա Վարդանյանը տեղեկացրեց, որ համերգային յուրաքանչյուր օրից հետո, մասնակիցների համար կազմակերպվում էին պարային երեկոներ, որտեղ բոլորը մոռանում էին մրցակցության մասին և ընկերանում:
Լրագրողների խնդրանքով, Սուրեն Առուստամյանն անդրադարձավ տարածված այն լուրերին, թե իր և Ուկրաինայի ներկայացուցչի միջև սիրավեպ է սկսվել:
«Նման բա չկա, մենք, պարզապես, ընկերական լավ հարաբերությունների մեջ ենք: Դրանք բամբասանքներ են»,- ասաց երգիչը:
Մյուս մրցույթը, որին կցանկանար մասնակցել Սուրեն Առուստամյանը՝ American Idol-ն է:










