ՆՓԱԿ-ը 20-ամյակը նշում է մեծ ցուցահանդեսով (լուսանկարներ)

21:36 • 04.08.12

Այս տարի լրանում է Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ-ի) քսանամյակը: Այդ առիթով օգոստոսի 3-ին ՆՓԱԿ-ում բացվեց «Ժամանակակից արվեստը Հայաստանի երրորդ հանրապետության այգաբացին» խորագրով հետահայաց ցուցահանդես՝ ՆՓԱԿ-ի ղեկավար, ճարտարապետ Էդուարդ Պալասանյանի համադրությամբ:

 

Ցուցահանդեսում ներկայացվում են վավերագրական նյութեր (լուսանկարներ և տեսանյութեր) ՆՓԱԿ-ի կազմավորման տարիների (1992-1995թթ) միջոցառումներից, ինչպես նաև մի շարք ինստալացիաների ընտրանի:

 

«Ցուցահանդեսը հարգանքի տուրք է բոլոր արվեստագետներին ու արվեստասերներին, ում անձնվեր ջանքերով ու անձնական ներդրումով Հայաստանի անկախության առաջին տարիներին համաքայլ սկսվեց ու տարածվեց ՆՓԱԿ-ի գործունեությունը». ցուցահանդեսի առիթով հայտնում է մշակութային օջախի տնօրինությունը:

 

Ժամանակակից արվեստի այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հնարավորինս ամբողջական գնահատել ՆՓԱԿ-ի 20 տարիների աշխատանքը և այդ կառույցի ներդրումը հայաստանյան ժամանակակից արվեստի զարգացման գործում: Ցուցահանդեսի բրոշյուրում ՆՓԱԿ-ցիները նաև արժանի տուրք են մատուցել Հայաստանի ժամանակակից արվեստի ռահվիրաներին, որոնցից առանձնացրել են «չորս գագաթների» ՝ Մարտիրոս Սարյանին, Երվանդ Քոչարին, Մինաս Ավետիսյանին և Սերգեյ Փարաջանովին:

 

Ներկայացրած աշխատանքներից այսօր ևս առավել տպավորիչ էին Սոնյա Պալասանյանի ինստալիացիան, որը կարելի է անվանել «Փարախ». մութ սենյակում լուսավորված խոյերի ոսկեգույն գլուխներ են և ոչխարի հոտի «աղմուկ»:

Ժամանակակից արվեստի սիրահարները կգնահատեն նաև անհամար ոսկեգույն արձանիկներով շրջապատված հայկական եկեղեցու կոմպոզիցիան, բազմաթիվ մեկնված ճերմակ ձեռքերի շարանը և այլ նմուշներ:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՆՓԱԿ-ի հետ համագործակցող արվեստագետներ և այլ մտավորականներ, որոնցից ոմանք խոստովանեցին, որ ևս մեկ անգամ՝ բացման թոհուբոհից հետո ավելի հանգիստ պայմաններում գալու են ցուցահանդեսը դիտելու:

Սա լավագույն բնորոշիչ է այս մասշտաբի և ձևաչափի ցուցահանդեսների համար, ինչը հուշում է որ մշակութային «մեռած սեզոնին» ՆՓԱԿ-ի հարկի տակ աշխուժ է լինելու: