Պատմամշակութային հուշարձաններն աղտոտված են. ահազանգում են մասնագետները

12:27 • 04.08.12

Պատմամշակութային հուշարձաններն աղտոտված են. ահազանգում են մասնագետները
Հայաստանի պատմական հուշարձաններն աղտոտված են այնքանով, որքանով ունենում են այցելուներ, այսինքն, ինչքան շատ են այցելուները, այնքան ավելի շատ է աղտոտվածությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց այսօր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:


«Զբոսաշրջիկները աղտոտվածությունը տեսնելով՝ զարմանում ու հիասթափվում են: Տեսնում են, որ կապ չկա ստեղծողի և պահպանողի միջև: Կարծես՝ մենք ժամանակավոր տարածք ենք զբաղեցրել, բայց նույնիսկ նման դեպքերում մարդն իր հետևից հետքեր չպետք է թողնի»,- ասաց նա:


Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը նշեց. «Չի լինում, երբ մեր տուն մարդ գա և մենք չպատրաստվենք ու ամեն ինչ իր տեղը չդնենք: Այդպես պետք է վարվենք նաև մեր երկրի հետ: Մեր երկիրը տուրիզմը հռչակել է գերակա ուղղություն: Իսկ դա միայն հռչակելով չի ավարտվում: Մենք պետք է սկսենք մեզանից և առաջին հերթին՝ երիտասարդներից»:


Ռեկտորը նշեց, որ երկիրը պետք է սիրել ոչ թե գրքերով, այլ ճանաչելով՝ շրջելով ու պահպանելով այն: Նա առաջարեց, մրցույթ հայտարարել մարզերի միջև, թե որտե՞ղ է է ավելի շատ մաքրություն պահպանվում: Վերջինս վստահ է, որ դա իր արդյունքն անպայման կտա:


«Միացյալ Հայաստան» խմբի հիմնադիր Արշակ Զաքարյանը, ով ամեն օր աշխատում է զբոսաշրջիկների հետ և նրանց ուղեկցում Հայաստանի պատմամշակութային վայրեր, նշեց, որ հաճախ զբոսաշրջիկներն իրենք են սկսում հավաքել աղբը:


«Չինացի մի աղջկա էի ուղեկցում Հավուց թառ, և նա ճանապահին հավաքել էր մի պարկ աղբ: Իսկ երբ ճանապարհին ուզեցինք թափել այդ աղբը՝ տեղ չկար: Ստիպված մեզ հետ Երևան բերեցինք:Մինչև վերջերս ամենամաքուր տեղը Հավուց թառն էր: Վերջերս այնտեղ ճանապարհ են կառուցել և սննդի օբյեկտներ կառուցել: Աղբը թափում են տեղի միակ ջրհորի մեջ»,- ասաց նա:


Արշակ Զաքարյանը նշեց, որ կա նաև աղբամանների խնդիր՝ միաժամանակ հավելելով, որ մեր հասարակության շրջանում բացակայում է աղբը աղբամանում թափելու սովորությունը: