Օձունի՝ 6-րդ դարի տաճարի վերականգնման աշխատանքները սկսվել են

11:25 • 06.08.12

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը, այս մասին հայտնում են «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամից:

 

Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև:

 

Վերականգնումը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:

 

Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը:

 

Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:

 

Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկի» փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:

 

«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին»,- տեղեկացրել է «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը:

 

Ըստ նրա, Բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան վեց ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը:

 

Լ.Ղուկասյանն ընդգծել է, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի, որը արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և Հայ Առաքելական Եկեղեցու հավանությանը, այնուհետև հաստատվել Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:



Աշխատանքների հեղինակային հսկողությունն իրականացնում է «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը:


Ըստ հաղորդագրության՝ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ Առաքելական Եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է: