Տեղի է ունեցել Պոլսո «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը Հայաստանում (լուսանկարներ)

13:04 • 08.08.12

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» շրջանակներում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը:

 

Ըստ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ համերգին հնչել են ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ աշխարհահռչակ այլ երաժիշտների ստեղծագործություններ:

 

Պոլսո Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համերգի կազմակերպման համար, կարևորել է, որ «Վարդանանց» երգչախումբը մասնակցելով «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, դրել է իր անմոռանալի կնիքը և բարձր պահել պոլսահայության պատիվը:

 

Նա նշել է, որ երգչախմբի անդամների մի մասն առաջին անգամ է Հայաստանում և, որ նրանք հիացած են ու բառերով չեն կարող արտահայտել իրենց զգացումները:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշել է.«Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իմ Հայաստան» փառատոնը տարերքի մեջ է և ընդունել է 40-ից ավելի խմբեր, սակայն այսպիսի պատկառելի խումբ, այսպիսի պատկառելի առաջնորդությամբ չէինք ունեցել: Երգչախմբի բաձրարվեստ կատարումները թողեցին մեծ տպավորություն և բոլորիս հոգին հոգեպարար, հոգեշունչ երաժշտությամբ այս գիշեր խաղաղվեց»:

 

Նախարարը խորին շնորհակալություն է հայտնել պոլսահայությանը՝ Պոլսում հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելու համար: Նա նաև բարձր է գնահատել «Վարդանանց» երգչախմբի անդամների փայլուն ու բարձրարվեստ կատարումները:

 

Այնուհետև տիկին Հակոբյանը երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաջյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, իսկ երգչախմբի դաշնակարուհի, երգեհոնահարուհի Լուսի Գահվէճիօղլուին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր` ազգանվեր գործունեության, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար: