Օձունի տաճարը հիմնանորոգվում է ռուսաստանցի հայ բարեգործի ֆինանսավորմամբ

12:45 • 08.08.12

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվում է Օձունի տաճարը:


«Օձունի տաճարը հիմնանորոգվում է ծագումով օձունցի, ռուսաստանաբնակ գործարար Մովսես Ձավարյանի ֆինանսավորմամբ: 6-րդ դարի տաճարը մինչ օրս չի նորոգվել, և այժմ բարերարի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելու է»,– ասաց նա:


«Նշենք, որ մինչ օրս մասնավոր հիմունքներով՝ մասնավորի ֆինանսավորմամբ ոչ մի կոթող չի վերականգնվել կամ նորոգվել, մինչ այժմ հիմնանորոգված բոլոր կոթողները նորոգվել են ՀՀ մշակույթի նախարարության և Մայր Աթոռի ֆինանսավորմամբ»,- ավելացրեց Վանուշ Շերմազանյանը:


Վերջինս նաև տեղեկացրեց, որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս օձնեցի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է 1827 թվականի ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս մարտիկներին նվիրված հուշակոթողը, որը կառուցվել է 1834 թվականին:


Բարեգործական հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, որի նախագահն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը:


«Ես եկեղեցին պատմական հուշարձան չեմ համարում, այլ նայում եմ որպես մեր հոր տուն, և պետք է բոլորս մեր տները նորոգենք: Պետք է այնպես անել, որ Մովսես Ձավարյանի նման շատ-շատերը նույնպես ցանկանան հիմնանորոգել մեր եկեղեցիները, որոնք գալիս են մեր պատմության ակունքներից»,- ասաց Վ. Շերմազանյանը:


Բանախոսը կոչ արեց հասարակությանը՝ հետ մնալ աղանդավորական շարժումներից և հետևել Հայոց Առաքելական եկեղեցու ուսմունքին: