Առաջին անգամ «Մեղրի ու հատապտուղների» փառատոն կանցկացվի Տավուշում
Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքսում օգոստոսի 18-ին կանցկացվի «Մեղրի և հատապտուղների» փառատոն, որն անցկացվում է առաջին անգամ:
Փառատոնը նախաձեռնել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը, որի տնօրեն Հայկ Չոբանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ սրանով իրենք սկսում են շրջանում անցկացվելիք ծրագրերի շարքը:
«Փառատոնի նպատակը տարածաշրջանի հոգևոր մշակութային զարգացումն է, տեղական արտադրության խթանումը: Ներկա են լինելու բազմաթիվ հյուրեր և մենք ցանկանում ենք, որ նրանք ծանոթանան Շամշադինի հատապտուղներին ու մեղրին»,-ասաց նա:
Ըստ Հայկ Չոբանյանի՝ փառատոնի ընթացքում ոչ միայն կշեշտադրվի Տավուշը՝ որպես մեղրի և հատապտուղների լավագույն կենտրոն, այլ նաև այն կնպաստի զբոսաշրջության և տեղական համայնքներում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:
Նույն հիմնադրամի անդամ Լավրենտին Միրզոյանն իր հերթին ասաց, որ սահմանամերձ Տավուշի համար պետական կառավարման ծրագիր գոյություն ունի, սակայն այդ ծրագիրը հայտնի չէ, թե ինչպես է կիրառվում:
«Հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ սահմանը չպետք է թույլ լինի: Այս փառատոնի ընթացքում բոլոր ներկաները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ մեր սահմանամերձ բնակչությանը: Դա եզակի տարածաշրջան է, որտեղ բազմաթիվ հատապտուղներ կան: Հնարավորություն է տրվում, որ մարդիկ մոտիկից ծանոթանան Տավուշի լեռնաշխարհին, անտառների հարստությանը»,- ասաց նա:
Լավրենտին Միրզոյանը ցավով նշեց, որ այս շրջանում գրեթե չկան աշխատատեղեր, արտադրական ձեռնարկությունները գրեթե բացակայում են: Նա հույս հայտնեց, որ փառատոնը, գուցե, որևէ խթան հանդիսանա արտադրամասերի ստեղծման առումով:
Անդրադառնալով հիմնադրամի ֆինանսական միջոցներին՝ տնօրենը Հայկ Չոբանյանը նշեց, որ պետությունից իրենք միջոցներ ո՛չ ստանում են, ո՛չ էլ ակնկալում:
«Հիմնականում մեզ ֆինանսավորում են դրսում բնկավող տավուշցիները»,-ասաց նա:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է մեղրի, դրանից պատրաստվող ուտելիքների, հատապտուղների ու նրանցից պատրաստվող ուտեստների ու ըմպելիքների, ինչպես նաև գորգագործության, գոբոլենագործության, փայտամշակման և այլ արհեստների ներկայացում, համերգ երգ ու պար:










