Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները Բաքվում ելույթ չեն ունենա
Լուսանկարը՝ erit.am-ի
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները Ադրբեջանում համերգ չեն տա, այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից՝ հերքելով նվագախմբի ավելի վաղ տարածած մամուլի հաղորդագրությունը, ըստ որի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10 երաժիշտներ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 2-ը կմասնակցեն I, CULTURE Orchestra դասական երաժշտական միջազգային նախագծին:
Համերգային շրջագայությունը պետք է տեղի ունենա ` Լուբլինում, Վարշավայում, Մինսկում, Կիեւում, Քիշնեւում, Թբիլիսիում և Բաքվում:
«Բաքվում նախատեսված համերգը չի կայանա, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը չի երաշխավորել հայ երաժիշտների անվտանգությունը: Այսինքն` ոչ միայն հայ երաժիշտները, այլ ամբողջ խումբը չի մեկնելու Բաքու»,- ասացին մամուլի ծառայությունից:
I, CULTURE Orchestra նախագիծը ստեղծվել է 2011թ-ին Ադամ Միցկևիչի համալսարանի կողմից` որպես Եվրոպական Միության խորհրդում Լեհաստանի նախագահության մշակութային ծրագրի առանցքային տարրերից մեկը:
Լուբլինում անցկացվելիք երկու շաբաթ տևողությամբ միջոցառումները ներառում են վարպետության դասեր աշխարհի առաջատար նվագախմբերի` Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կողմից:
I, CULTURE Orchestra-ն կղեկավարի Վենեսուելայից ժամանած ականավոր դիրիժոր Իլյիչ Ռիվասը:










