Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնն է

09:27 • 12.08.12

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածանի վերափոխման տոնը։
Տոնի խորհուրդը հաստատում է ավանդական այն հիմքը, որի համաձայն Աստվածամայրը Քրիստոսի հարությունից հետո 12 տարի ապրելով ննջեց և հուղարկավորվելուց հետո 3 օր անց վերափոխվեց երկինք, Tert.am-ի հետ զրույցում պատմեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:


Նա նշեց, որ ըստ ավանդույթի Քրիստոսը իջնում է երկիր և աստվածամոր մարմինը տանում երկինք:


«Տոնի հիմքում ընկած է մահվան նկատմամբ հաղթանակը: Առաջին անգամ այդ հաղթանակը ի լուր ամբողջ աշխարհի արեց Քրիստոս, իսկ երկրորդ` Աստվածամոր դեպքում մեզ` քրիստոնյաներիս, Քրիստոսը ցույց տվեց, որ քրիստոնյայի համար մահը այլևս իրականություն չէ: Քրիստոնյայի առաքելությունը ոչ թե մեռնել է, այլ՝ ապրելը և ապրելը հավիտենության մեջ: Հետևաբար` տոնը հավիտենական կյանքի խորհուրդն ունի»,-բացատրեց նա:


Քահանան ընդգծեց, որ Մարիամը աստվածածին լինելուց առաջ նաև մայր էր, ով կերակրեց ու մեծացրեց մանուկ Հիսուսին և մեզ պարգևեց փրկության հնարավորություն:


Մարիամ Աստվածածնի վերափոխման օրը Հայ Առաքելական Եկեղեցում կատարվում է նաև խաղողօրհնեքի արարողություն: Հարցին, թե ինչու է բոլոր պտուղներից օրհնվում հատկապես խաղողը, քահանան ասաց, որ Քրիստոսն ինքը խաղողին կրկնակի պատվի արժանացրեց:


«Ավետարանում նշված է, որ Քրիստոսը ինքն իրեն համեմատեց խաղողի որդի հետ` ասելով «ես եմ որթատունկը, դուք` ճյուղերը»: Եթե ճյուղը որթատունկին է միացրած ու սնվում է որթատունկից, ապա դրա պտուղը հենց խաղողն է: Ցանկացած մի մարդ, որը կապված է որթատունկին, այսինքն` Քրիստոսին, պտղաբեր կլինի»,– ասաց նա:


«Երկրորդ դեպքում` Քրիստոս խաղողի հյութը` գինին, վերցրեց ու իր արյան խորհուրդը հաստատեց հենց խաղողի հյութով»,- նշեց քահանան և ավելացրեց, որ դա է պատճառը, որ հենց խաղողն է տարվում եկեղեցի` իբրև ընծա և ակնկալվում, որ աստված պետք է բոլորի այգիների պտուղները օրհնի:


Տեր Եսային ընդգծեց, որ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր մարդ իր այգու խաղողը տանի եկեղեցի` օրհնության, սակայն միաժամանակ նշեց,որ նախնիներից մեզ մնացած մի ավանդույթ կա, որը վաղ քրիստոնեությունից է հաստատված:


«Այդ օրը ամեն մեկը իր այգուց բերք է բերում եկեղեցուն ընծա: Դա օրհնվում և բաժանվում էր աղքատներին: Այսօր մի քիչ պատկերը այլ է: Այսօր մենք ինքներս ենք խաղողը գնում ու բերում եկեղեցի, որից հետո այն օրհնում ու բաժանում ենք մարդկանց: Ճիշտ կլիներ, որ մարդիկ հասնեին այն գիտակցության, որ իրենք որպես ընծա այդ խաղողը բերեին եկեղեցի ու օրհնվեր: Պատկերացրեք, եթե ամեն մարդ մի քիչ խաղող բերեր, ապա ինչքան մեծ քանակություն կստացվեր և ինչքան մարդկանց կբավարարեր»,-ասաց քահանան: