Երգչախմբերի ղեկավարներն այցելել են Սփյուռքի նախարարություն

16:43 • 14.08.12

Օգոստոսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերին» մասնակից երգչախմբերի ղեկավարներին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Խմբերգային արվեստի օրերի» գեղարվեստական ղեկավար Լ.Իվանյանը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Ս.Հարոյանը:

 

Քննարկվել են «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում երգչախմբավարների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, փոխադարձաբար համերգային ծրագրերով համայնքներ այցելությունների, «Երգչախմբային արվեստի համահայկական ցանցի» ստեղծման հնարավորությունները և այլ հարցեր:

 

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել երգչախմբերի ղեկավարներին փառատոնին մասնակցելու համար և նշել, որ 2014թ. անցկացվելիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպչական աշխատանքների ժամանակ հաշվի կառնվեն բոլոր առաջարկություններն ու մտահոգությունները:


Ներկաները շնորհակալություն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը փառատոնի կազմակերպման համար և նշել, որ այն մի նոր լիցք կհաղորդի` էլ ավելի լավ աշխատելու: Բոլորը հայտնել են համագործակցելու պատրաստակամություն: