Ավարտվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերը»

16:30 • 14.08.12

Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» հանդիսավոր փակումը:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

 

«Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներին օրհնության խոսք է ուղղել Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը:

 

Համերգային մասից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել երգչախմբերի ղեկավարներին` նշելով, որ նրանց ամենօրյա քրտաջան աշխատանքի շնորհիվ է, որ երիտասարդները Հայրենիքում հիանալի հանդես եկան, և ավելացրել, որ յուրաքանչյուրը, երգելով երգչախմբում, նպաստում է ամբողջ աշխարհում հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

 

Նախարարը նշել է, որ «Իմ Հայաստան» փառատոնը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնությունը: Նա երգչախմբերի անդամներին մաղթել է նոր նվաճումներ և տեղեկացրել, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը լինելու է շարունակական:


Այնուհետև, տիկին Հակոբյանը «Խմբերգային արվեստի օրերի» երգչախմբերին հանձնել է փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ, նրանք էլ իրենց կողմից հուշանվերներ են հանձնել ՀՀ սփյուռքի նախարարությանը: