Դա Վինչին բնորդել է «Խորհրդավոր ընթրիք»-ի 2 կերպարի համար. նոր տեսություն (լուսանկարներ)
Լեոնարդո դա Վինչին ինքն իրեն պատկերել է իր ամենանշանավոր գործերից մեկում՝ «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարում՝ Կրտսեր Հակոբոս և Թովմաս առաքյալների տեսքով, հայտնում է Daily Mail-ը:
Դա Վինչիի՝ առաքյալների տեսքով ինքնադիմանկարներ ստեղծած լինելու առիթով իր տեսությունն է հայտնել արվեստի փորձագետ Ռոս Քինգը: Մասնագետի փաստարկները ոչ միայն կերպարների հունական քթերն են ու թափված մազերը (որոնք Լեոնարդոյի արտաքինի մասին գրեթե միակ հայտնի փաստերն են), այլև մատների դասավորությունը, ժեստը, որը ժամանակակիցները Լեոնարդոյի «ֆիրմային ժեստն» էին համարում:
Քինգը վկայակոչում է նաև Լեոնարդոյի բարեկամ Գասպարո Վիսկոնտիի 1490-ականների մի պոեմ (հենց այս շրջանում էր Լեոնարդոն ստեղծում իր նշանավոր որմնանկարը), որում նա «ծաղրում» է «գեղադեմ» գեղանկարչին` (ճիշտ է՝անուն չնշելով) իր աշխատանքներում սեփական դեմքը դրոշմելու համար:
Մասնագետը նշում է նաև, որ 1515-ով թվագրվող կարմիր կավճով արված դիմանկարը, որը համարվում է դա Վինչիինը, ամենից նմանն է հայտնի որմնանկարների նշված կերպարներին:
Ճակատագրի հեգնանքով աշխարհի ամենահայտնի գեղանկարների հեղինակի արտաքինի շուրջ գիտնականները տարակարծիք են:










